Հներն անցան, ամեն բան նոր է
Հուշապատի կողքով քայլելիս խնդրեցին կարդալ փորագրությունները։ Որոշ անունները ծանոթ էին, նույնիսկ կրկնում էին իրենց արտասանությամբ։ Դեպի մույթերը տանող ամեն քայլս վստահ ու վախվորած էր։
Հավերժական կրակը շրջապատված չէր մեխակների և կակաչների հսկայական կույտերով՝ ինչպես սովոր եմ տեսնել։ Շրջանաձև հատակի եզրերին դրված էր մի քանի սպիտակ մեխակ։ Գիշերը երկինքը լացել էր։ Մեխակների սպիտակ թերթիկների տակ գետինը թաց էր։
Էնտեղ երբեք դատարկ չէի տեսել։ Քարացած կանգնած էի կրակի մոտ։ Դիմացիս մույթերի արանքից մի ծառ էր երևում։ Կրակի միջից նայում էի քամու հետ պարող դեղնած տերևներով ծառին։
Քամին ամեն կերպ փորձում էր հանգցնել կրակը։ Քամուց տարուբերվող կրակին հառած հայացքս թեքեցի դեպի հետևում եղած մույթը։ Այն հառնում էր դեպի կապույտ երկինքը, թեք ու վեհ՝ դարերի վեհությունից ինձ ճզմելով, գլուխս պտտեցնելով և սիրտս կտոր-կտոր անելով։ Թեքվեցի հետ՝ դեպի կրակը։ Երաժշտությունը դադարելիս լռության մեջ ականջներս որսացին կրակի արյվելու մեղեդին։
Լռության մեջ երեսս հեղեղող արցունքների միջից որսացի մնացածի արցունքները։ Հինգ հայ, չորս թուրք, երկու ուկրաինացի և մեկ ռուս։ Տասներկու հոգով կանգնել էինք տասներկու մույթերի ներսը, շրջապատել կրակը։ Տասներկու զույգ աչք մարդու ներսը քանդուքարափ անող երաժշտության ներքո նայում էր կրակին։
Վարանելով բարձրացանք աստիճանները ու սկսեցինք քայլել դեպի թանգարան տանող մյուս աստիճանները։ Աղջիկներից երկուսի աչքերը կարմիր էին, երեսը՝ թաց։
Չկար կարիք բառերի, քննարկումների, պարզաբանումների։ Ներկայությունը ամենաճոխ, բարձրաշխարհիկ և գերագույն ճշտությամբ ու հմտությամբ հյուսված բառակույտերից ավելի բազմաբովանդակ ու կենդանացնող է։
Թանգարանում լինելու ողջ ընթացքում մատներս աչքերիս տակ պահած փորձում էի չորացնել արցունքներիս գետերը, որոնք անկառավարելի հաստատակամությամբ հոսում էին կոտորված անյցալիս սարսափազդու նկարները տեսնելիս։ Սկսեցի դանդաղ քայլել՝ մնացածի ուշադրությունը ուղեցույցի պատմածներից չշեղելու համար։ Թանգարանում վերջին անգամ եղել էի ավելի քան տասը տարի առաջ, երբ դեռ մանուկ աչքերս ու զգացմունքներս չէին գիտակցում ժողովրդիս տառապանքի ողջ ծանրությունը։
Երբեք ատելությամբ լցված չեմ եղել։ Ընտանիքումս երբեք ատելություն չի սերմանվել։ Սակայն նաև երբեք չէի մտածի, որ Հուշահամալիրում կհայտնվեմ այլ ազգի ներկայացուցիչների հետ, որոնց շարքում կլինեն նախնիներիս շունչը խլած մարդկանց ազգակիցները։
Ցանկացած անդուր, ցավոտ ու անհասկանալի իրավիճակում առաջին բնազդս ինձ մյուսի դիրքում դիտարկելն է՝ քայլերի դրդապատճառները հասկանալու համար։ Ու մտածում եմ՝ բա՞ որ դերերը փոխված լինեին, բա՞ որ իմ նախնիները նրանց նախնիներին կոտորած լինեին։ Ի՞նչ կզգայի։ Ի՞նչ կակնկալեի։ Անցյալը չես փոխի, բայց քայլ առ քայլ կարող ես առաջ գնալ, փորձել այրված ու փոշիացած կամուրջները ամենախավար ու ամենախորը անդունդների վրայով նորից կառուցել, որովհետև անցյալը քարշ տալը ու դրանով շնչելը, թույլ տալը, որ դա կառավարի ներկայի ու ապագայի ամեն վայրկյան, ամենավտանգավոր գազանից էլ վտանգավոր է։
Աչքերիս առաջից չեն անհետանա որբացած մանուկների դեմքերը, ինձնից փոքր տարիքում տեղահան արված, կոտրված, խոցված կանանց տանջահար հայացքը, զավակների դիակների մոտ ողբացող մայրերը, շնչահեղձ եղած տղամարդկանց վզների շուրջ եղած պարանները, կնճիռներով պատված մեծերիս միայնությունը։ Սիրտս չի դադարի ողբալ կորսված կյանքերը, կանգնած բաբախները, սառած մատները, հյուծված այտերը։ Բայց անդադար հետ գնալ չեմ կարող, շարունակ մեղադրել չեմ կարող, անընդհատ ողբալ չի լինի։
Ու ամեն նոր օր ծագող արևի հետ հիշում եմ, որ հներն անցան, ամեն բան նոր է։

Emma Kirakosyan
Latest posts by Emma Kirakosyan (see all)
- Իմ Արևը – November 19, 2018
- Palpable – November 19, 2018
- Հներն անցան, ամեն բան նոր է – November 19, 2018
