Շիշկա
– Քոռացա ես, դեղ ես խմո՞ւմ, – ասաց համարիս մաքրուհիներից մեկը ու ցավազրկողը բարձրացնելով սրբեց սեղանի վրա դինջ քնած փոշին, – իմանայի քեզ մեր Դիլիջանսկի մուրաբաներից կբերեի միանգամից կլավանայիր:
Համ խոսում էր, համ արագ-արագ մաքրտում սենյակը: Ամեն օր կրկնվող շարժումներն ուղեղի մասնակցություն չէին պահանջում: Քըստ էսկողմ, քըստ էնկողմ, քնած փոշի էլ չկա. կեսը խոնավ շորի վրա մնաց, մյուս կեսն էլ օդում հիստերիա կազմակերպեց: Ես դեմ չեմ: Ստամոքսս կապած, սպազմատոնս կուլ տված խելոք նայում եմ կնոջը: Մազերին փորձել էր էլեգանտ կամ գոնե մասնագիտական տեսք տալ, բայց բիզիկներից մի քանիսը մազակալի միջից դուրս էին թռել: Ունքերը հավաքել էր ու ինչ որ բան էր մրթմրթում: Անտառից մի ամբողջ տոպրակ սոճու կոն կամ ոնց բոլորս ենք ասում շիշկա էի հավաքել: Փռել էի սեղանին, որ խոնավությունը դուրս գա ու հետս տուն տանեմ՝ սիրուն բաներ սարքեմ Նոր Տարվա համար: Մաքրուհիս աչքի պոչով նայում էր կոներին ու ունքերն ավելի էր հավաքում:
-Երևանցիք սրանցից թիթիզ-միթիզ բաներ են սարքում: Պլպլան բաներ են կպցնում վրեն կամ տոնածառի խաղալիք են շինում, – ասաց ու սկսեց սեղանն ավելի ուժեղ մաքրել:
– Դիլիջանից ե՞ք,- հարցրի:
– Հա, դու երևի դրսից ես եկել չէ՞:
-Չէ, Երևանից եմ,- ասացի ու դիմավորեցի անհարմար լռությունը:
Տարիքով մեծ էր մաքրուհիս, բայց տեսնում էի, որ Դիլիջանի օդն ու ջուրը երդվել էին ինչքան ուժ ունեն պահպանել մաշկի ձգությունն ու առողջ գույնը: Ձեռքերի գույնը դրսի ցրտից, կամ մաքրող միջոցներից երկու տոն ավելի բաց էր քան դեմքինը.
– Ճիշտ էլ ասեցիք՝ թիթիզ զռթիկներ եմ սարքելու տանը, – ասացի, որ վատ չզգա:
Ժպտաց ու բան չպատասխանեց: Կռացավ գետնից աղբը վերցնի ու մեկ էլ:
-Գրետա, հլը նայի հա, հիվանդա ու բոբիկ ման ա գալիս, – ձայն տվեց մյուս մաքրուհուն,- ես երեխեքն անուղղելի են: Այ բալա կսառես ախր:
Ամբողջ օրը թեյ էի խմել, բայց ներսս տենց չէր տաքացել ոնց էտ խոսքերից: Մեղավոր ժպտացի, ու փորիս անդուր ցավը մոռացած` վազեցի սենյակ: 60 տոկոսանոց թե՞ 70: 70 տոկոսանոցը, որ տամ կմտածեն մտածված դառը բան տվեց, որ ուտենք:
– Ես վերցրեք, կոֆեով կխմեք, – 60 տոկոսանոց շոկոլադը մեկնելով ասացի ու միանգամից ինձ կաշառք տալուց զգացի: Կյանքում չեմ տվել, բայց կարծեմ սենց ինչ որ բան են ասում: Երևի կաշառում էի, որ Երևանցի լինելս մոռանային: Անհասկանալի ժպիտով վերցրին, օրհնեցին, ուրիշ տատիկական բաներ ասեցին ու արդեն դուրս էին գալիս մեկ էլ.
– Գարնանը կանաչ շիշկեքից մուրաբա ենք եփում: Մեր Դիլիջանսկի մուրաբան հազի ու տաքության համար իսկն ա: Բայց ձմեռը մեշոկներով ենք հավաքում, – ասաց Գրետան:
Մաքրուհիս կեղտոտ սրբիչները տոպրակի մեջ հավաքելու ընթացքում անհնազանդ բիզիկները հետ տարավ ու ակնոցիս ապակին արհամարհելով ուղիղ աչկերիս մեջ նայեց:
– Շիշկեքը վառում ենք տաքանանք: Նենց անուշ հոտով են վառվում որ:
Դիլիջանը հարուստ անտառներ ունի:

