Սիլվա
Վստահ եմ անունդ Սիլվա են դրել: Սիլվա շատ կսազի քեզ: Պիտի որբանոցում ձեռք բերած միակ ընկերներդ հաց ստանալու քեզ մենակ «Սիլվա» գոռան: 2018 թվականին տղամարդու կոշիկը մի քիչ երկար նասկիով հագնելը ճաշակն արտահայտելու արդյունավետ միջոց է: Բայց չգիտես ինչու նկարում դու հպարտ չես կանգնած: Ավելի շատ մեղավոր ես երևում, ու օրվա հացիկդ էլ մանկական, բայց արդեն կանացի մատերով պահել ես շրջազգեստիդ ծալքերի միջանցքում: Ախր, հայի էլ նման չես: Մենակ ունքերիդ կորացած զարմանքն ու սովից սմքած մարմինդ են մատնում պատկանելիությունդ: Հացիկդ պինդ բռնի, էսօր էլ չեն տալու: Ու կծելուց էլ մտքումդ անընդհատ կրկնի, որ էսօր էլ չեն տալու:
Կրկնի ինչքան հնարավոր է հաճախ ու արագ-արագ, որ հանկարծ միտքդ մի պահ պարապ չմնա ու սկսի հուշել, որ երկար հացի հերթից ու ունքերիդ կորությունից բացի քեզ ուրիշ բան էլ չի մնացել: Շարքում ամենասիրուն սանրվածքը դու ունես. Երևի դեռ չեն հասցրել սափրել: Հաստատ նկարվելուց չես էլ մտածել, գրեթե հանձնվող մարմնիդ ու փոս ընկած զեյթուն աչքերիդ ունեցած ծանրության մասին: Ես փորձել եմ քեզ բարձրացնել՝ ազնիվ խոսք, ծանր ես:
Այ, իսկ կողքիդ կանգնած տղերքը, որ կանչում են «Սիլվա՜» ու քո համար հերթում տեղ պահում, հացի կտորը զենքի պես են բռնել: Զարմանքն էլ տեղն անգիտակից, բայց արդար զայրույթին է զիջել: Ու կտորը քո հայացքից ու զարմանքից էլ ծանր է: 2018 թվին տենց զենք դեռ չեն մոգոնել: Վա՜յ, շատ են բորբոքված ճտերը: Ունքերը դեպի ներքև են կորացրել, կենտրոնացել մի կետում ու դիպուկահարի անվրեպ հայացքով նշան են բռնել խցիկի վրա: Կարելի է հասկանալ ՝ իրենց գլուխները սափրել են: Ո՞վ լիներ` չբարկանար:
Սի՛լվ, հացիկդ պինդ պահի՝ գնում ենք հյուր: Մեր հյուրերի մեջ, շատ աղջիկներ կան՝ մենակ չես զգա քեզ: Բայց բոլորի գլուխները կլորիկ սիրունիկ գլոբուս են հիշեցնում: Ամենասիրունը դու կլինես էստեղ: Տե՛ս ինչ խելացի են է՝ բոլորի գանգատուփերը սովորականից 1,5 անգամ մեծացած: Պատկերացնո՞ւմ ես ինչքա՜ն ուղեղ են տեղավորել էդտեղ: Իրենց երևի էլ ավելի հաճախ են հացիկ տալիս: Տես փորիկները ո՜նց են ուռացրել: Բայց մի նախանձի, դու ամենասիրունն ես:
Ինչ բարի ես Սիլվ, եկար ու հարցական հայացքով ինձ նայող տղուկի մոտ կանգնեցիր: Ու ճիշտ էլ արեցիր: Ինքը չի թողնում ձեռքը բռնեն: Մոր ափերի տաքությունն է դեռ պահում: Դու ավելի բախտավոր ես, քոնը չհասցրեց թաթդ բռնի:
Արի միասին դեմքից դեմք անցնենք, երկար նայենք, հիշենք, ու գուշակենք՝ ես ի՞նչ զգացմունքներ են դաջել դեմքներին: Ընկերուհիդ արդեն անտարբեր հայացք ունի, ձեռքերը գրպանները խոթած խելոք սպասում է՝ երբ է ծիտիկը թռնելու: Այ իսկ հարևանը մի քիչ վախեցած ու երկարած դեմք ունի: Հաստատ առաջին անգամ է նկարվում: Տես հա, բոլորի մոտ նույն փոշոտ ու ներս ընկած աչքերն են: Ունքերն էլ կամ վեր, կամ վար են կորացել: Մեկը մյուսի հարազատն է: Մի հսկա տոհմի ծառ: Նույն դեմքերով, նույն ուռած գլխներով ու փչած փորերով: Մեկը մեկից սև, գեշ ու մենակ:
Հացիկդ պինդ բռնի ու չկիսվես հետները: Ճակատագիրդ կիսել ես հերիք է: Դե ձեռքդ տուր՝ տուն ենք գնում: Դու մտածի կտորիդ մասին, իսկ ես քեզ տուն կտանեմ: Մաման տաք ապուրը կդնի դիմացդ, հացդ կթաթախես ու … դե բարի ախորժակ: Մի բաժակ թեյ կտա՞ք, ինձ շաքար պետք չի:
Դիլիջան
2018

