Բաղրամյան 25+1
Իսկ ինչու՞ եմ ես խուսափում մոնտաժից ու տասնյակ րոպեներ շարունակ զմայլվում խոշտանգված դիակի տեսարանով: Փողոցի աղմուկին ու իմ լռությանը միացնել կարելի է ցանկացած հնչյուն ու ձայն, երաժշտություն ու խոսք: Մի քանի օկտավայով իջեցրած խնջույքների երաժշտությունը (իննսունականներ), ավելի ցանկալիների արհամարհական՝ «դու գնա, մենք կերգենք» հայացքները (վաղ երկու հազարականներ), մեղադրական խոսքերը, որ ես սիրված չեմ, սպասված չեմ, բարետես չեմ, տաղանդավոր չեմ, խոստումնալից չեմ, պետքական չեմ (երկու հազար տասականներ) կամ էլ հենց իմ սեփական ձայնը, որով պատմում էի երազանքների մասին՝ ադամանդների նման փայլող աչքերով։Հաճույքի պահերին իրականություն կիջնի, թմբիրը կանհետանա, ապագան իմն է, ուտոպիան մերն է, չենթարկվելու բնազդն էլ՝ ճանապարհը, որով քայլում ենք, վախվորած կամ վստահաբար: Նրանք ծիծաղում էին, թափահարում ձեռքերը:
–
Վերջապես, խոսելով հնարավոր բոլոր թեմաներից, ստելով ու շողոքորթելով անվերջ վեր բարձրանալուց հետո, լաց լինելուց ու ծիծաղելուց բացի, ամպրոպի պայթող որոտներից էլ այն կողմ, նման ցրվող մառախուղի, ես ինձ գտնում եմ Ազատության հրապարակում, խավարի ու մթության մեջ կորած, Օպերայի շենքի մոտ: Ինչպես մինչ այդ հնչած քաոտիկ երաժշտություններից հետո մի վերջին երգ՝ հպարտ ու լուռ, զարմանալով ինքն իր համբերության վրա, որ կարողանում է դեռ լռել ու հանդուրժել մարդկանց, ովքեր աչքերին նայելով ստում են, նաև նրանց, ովքեր փորձում են ճեղքել պաշարումն ու անկանոն դուրս փախչել փակ տարածություններից, այն հնչում է դատարկության մեջ, արձագանքում քաղաքի մյուս խուլ ու հեռու անկյուններում, կրկնվում է օրինաչափորեն, սկսվել է մի կետից ու չի լռում, խառնվում է քամիներին ու անձրևներին, մարդկանց ծիծաղներին ու մեքենաների ազդանշաններին, բայց դեռ հնչում է, իբրև նշան, որ ամեն վատ բան դեռ առջևում է։ Սա երաժշտություն է պատկերների մասին, որոնք դեռ պիտի գան, ու մենք պիտի պտույտներ տանք նոր շրջաններում, նոր հոտեր ու գույներ պիտի տարածվեն քաղաքում, անհնար ճանապարհներ պիտի հարթվեն, որոնցով պիտի քայլենք դեմքի վախեցած ու անորոշ արտահայտություններով, այնուհետև պիտի ժպտանք ու քայլքը վազք դարձնելով վազենք դեպի ապագա: Հա՛, մենք նեղացնել գիտենք, մենք խոսքով տանջել ենք սովորել, մաքրում ենք մեր ճանապարհից զոհերին ու խղճալ պահանջող բոլոր օտարներին, պայթեցնում նրանց մեծ բավականությամբ` մտքում ունենալով այսբերգ դարձած մեր ողջ պատմությունը, ու քայլում առաջ: Փնտրում ենք ազատություն, ուզում ենք վերաշարադրվել, կեղտից մաքրվել: Մեր ժպիտի ետևում մի բուռն հիասթափություն ու վախ կա, գիտենք, որ մեզ հետևում են ու զսպել փորձում: Մեր հայացքում խտացած կատաղությունը` դուրս պրծնել կապանքներից ու փլուզել Մեծ Քառակուսին, միացրեց մեզ, ստիպեց դառնալ մի ընտանիք ու մի Շրջան։

Samvél Khachatryan
Samvél Khachatryan is an author, translator and sound artist based in Armavir, Armenia. He holds a master’s degree in Political Science and International Affairs from the American University of Armenia. Following his debut novel, “26 Baghramian Avenue”, Sam is currently working on his second novel, “Yerevan Blues”. His ambient/experimental records are closely interlinked to his texts, as both introduce personal narratives on memory, drama, and music. His recent record, “Radio “Yerevan Blues””, is set to be played in public in parallel with the publication of the novel. As a translator, Samvél has translated three books, the latest of which, the short story by Francis Scott Fitzgerald, was published in August 2022 (The Curious Case of Benjamin Button).
Samvél’s motto is “As ignorable as it is interesting (listen to the quiet voice!)”. This oblique strategy is definitive to ambient music, which is not suitable for mainstream consumption, but gives the audience a chance to pay closer attention to atmospheric sounds (and words) for richer experiences.
